Ադրբեջանը սկսել է տեղական գործադիր և իշխանության այլ պետական մարմինների կառույցների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած տարածքներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի Հանրապետության համապատասխան կենտրոնական, տեղական գործադիր և այլ պետական մարմինները մինչև 2021 թվականի մարտի 1-ը պետք է Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ ներկայացնեն առաջարկություններ դրա համար պահանջվող միջոցների վերաբերյալ»,-ասված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած կարգադրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերի վրա, մի շարք շրջաններ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահներ: