ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են ստուգել Արցախի բնակելի ֆոնդը և սոցիալական ենթակառուցվածքները:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Փրկարարներն ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր բազար բնակավայրի 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում վերականգնվել են ավելի քան 300 օբյեկտներ: Աշխատանքներում ներգրավվել է 85 շինարարական կազմակերպություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Արցախի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ: