Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները:
Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին:
Մասնավորապես, խցերում կան սանհանգույցներ, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն: Հիմնարկի վարչակազմը Խմբին փոխանցել է, որ նրանք օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել: Այսպիսով, Խումբն արձանագրում է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ: