Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Մինչև օրս վերադարձել է 52 058 մարդ։
Հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի (հատուկ նշանակության) կողմից իրականացվել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողների տարհանումը Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ, որտեղ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին:
Հունվարի 31-ին ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները Ստեփանակերտի 16 հայ ուխտավորների ուղեկցել են Դադիվանք և հակառակ ուղղությամբ:
Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումն ու ոչնչացումը։ Այսօրվա դրությամբ ստուգվել է 973 շենք, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է մոտ 893 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 23 950 պայթուցիկ առարկա:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերով, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ փոխգործակցությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը Հադրութի, Ջաբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում: