Պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մեր մի շարք հայրենակիցների նկատմամբ՝ Արցախի նախագահի, ՊԲ հրամանատարի, Դավիթ Բաբայանի, Արման Բաբաջանյանի, Սեյրան Օհանյանի և ևս 300 հայերի:
Այս մասին այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց հնչեցրեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ավելացնելով, որ մեր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ընդամենը ադրբեջանցի մի մարզական մեկնաբանի նկատմամբ։
Նախարարը պատասխանեց, որ քննարկում ունեցել են, թե ինչ մարտավարություն կարող է ունենալ ՀՀ-ն:
«Ո՛չ գործի քննությունը, ո՛չ մարտավարության ընտրությունը, ո՛չ էլ հետախուզում հայտարարելու գործիքը օգտագործելն ինքնանպատակ չէ, դա պետք է նպաստի նպատակների իրականացմանը»,- ասաց Բադասյանը։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ երեք ամսվա ընթացքում լոկ քննարկում է եղել․․․
«Նախկին հանցավոր ռեժիմների՝ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին այս բալանսն ապահովվել է, ուղղակի այն սպառնալիքով, որ հայկական կողմն էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կհայտարարի միջազգային հետախուզում:
Ի՞նչ կաշկանդվածություն ունենք մենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար անհարմարարություն ստեղծելու առումով»,- հարցրեց Թովմասյանը՝ ստանալով նույն պատասխանը՝ քննարկումներ եղել են։