Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում հերքում է վերջին օրերին շրջանառվող մի շարք, այդ թվում՝ Արցախի ՊԲ կազմալուծման, Ստեփանակերտի որոշ տարածքներ ադրբեջանցիներով բնակեցնելու մասին լուրերը։
Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցի ժամանակ նա բացառել է շրջանառվող այն տեղեկությունները, թե, իբր, Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ։
Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու:
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ հանրապետության պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` սահմանների պաշտպանության նպատակով:
Հասարակության որոշ շրջանակներում էլ մտավախություն կա, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:
Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե, մասնավորապես, Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ:
Վիտալի Բալասանյանը հավաստիացնում է՝ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:
Նրա խոսքով՝ արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել էր, թե առաջիկայում Արցախի ՊԲ- ն կազմալուծվելու է։
Հիշեցնենք նաև, որ ժամկետային զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով, որ իրենց որդիները Արցախից տեղափոխվեն և ծառայության անցնեն ՀՀ զորամասերում։