Այժմ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից շրջաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության կազմակերպման շուրջ:
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով ենք, որ նման ուղևորությունը տեղի կունենա մոտ ժամանակներս, և այն կնպաստի տարածաշրջանում փոխվստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Известия»-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են։
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել էր, որ ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Գարեգին Բ-ն նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:
Նրա խոսքերով՝ հոգևորականները դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին, կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին: