Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Հայաստանում առ այս պահը պահպանվում ռազմական դրությունը։ Ի վերջո Ադրբեջանն ինչ ուզում անում է, ադրբեջանցի զինվորները GPS-ը գրկած Սյունիքը ոնց ուզում՝ ձևում են։ Այս մասին ԱԺ-ի իր հայտարարության ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Գնացեք Ներքին Խնձորեսկ, տեսեք՝ քանի կիլոմետր, քանի մետր, աջ-ձախ, հյուսիս-հարավ, ոնց ուզում՝ առաջ են գալիս։ Նույնը՝ Սյունիքի՝ Կապանի հարակից բնակավայրերում։
Զոհրաբյանին մտահոգում է, որ ռազմական դրությունը պահպանվում է այն դեպքում, երբ իր խոսքով՝ իշխանությունները ռազմագերիների հարցով զբաղվում են ընդամենը «գալոչկայի» համար։ Պատգամավորն ասաց, որ անհետ կորածների ծնողները ռուս խաղաղապահների հետ սահմանից այն կողմ իրականացնում են որոնողական աշխատանքներ, եթե, իհարկե, ադրբեջանական կողմը թույլատրում է։
«Հավատալով տեղեկությանը, թե Արցախի հարավային հատվածից զինվորներ են անցել Իրան, մի քանի ծնողներ մեկնել են Թավրիզ, հանդիպել մեր սրբազանի հետ՝ փորձելով կառչել վերջին հույսից։
«Ես ստիպված եմ եղել այդ հարցով զրուցել Իրանում մեր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Ծնողներն են խնդրել իմանալ՝ ճի՞շտ է տեղեկությունը, թե՞ ոչ»։
Զոհրաբյանը համոզված է՝ իշխանությունները նաև տեղահանցվածների հարցերով են զբաղվում «գալոչկայի» համար։
«Ինձ համար տարօրինակ է, երբ Դավոսի տնտեսական համաժողովին Ռուսաստանի նախագահն է դիմում միջազգային հանրությանն ու ասում, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, եկեք օգնեք»,- ասաց Զոհրաբյանը։