Ադրբեջանական կողմը Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք գործել վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ:
Այս մասին Armenpress-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի, քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել նաև անվանական ցուցակներ: Ուստի, կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,-մանրամասնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ արգելվել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։