Դատախազ Գևորգ Սարգսյանը Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,- գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ հունվարի 29-ին բավարարել էր ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Ավելի վաղ՝ հունվարի 28-ին, Վ. Բադասյանը Եռաբլուրում հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև թշնամի: Այսինքն, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է մենք վերացնենք նաև զենքի միջոցով: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար անում, և թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Ինքը պետք է վերանա և հեռանա»,-հայտարարել էր Բադասյանը: