«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը, համատեղելով ջանքերը, տրամադրում են օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում։
«Այսօր Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն այցելել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ), որտեղ նախապատրաստվում են տեղահանված ընտանիքներին բաշխվելիք ծանրոցները։
Այցը «Անհետաձգելի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակներում էր, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, իրականացվում՝ «ՔՈԱՖ»-ի կողմից, և ներառում է Լիտվայի Հանրապետության դեսպանության ֆինանսական ներդրումը։ Այս համատեղ նախաձեռնության շնորհիվ 150 ընտանիք կստանա շտապ օգնության փաթեթ, որում կներառվեն պարենային ապրանքներ, հիգիենայի պարագաներ և ձմեռային հագուստ, 450 երեխա կստանա գրենական պիտույքներ, իսկ 150 տեղահանված ընտանիքների համար կապահովվի հոգեբանական և սոցիալական աջակցություն, առողջապահական ծառայություններ և խոսքի թերապիա։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի մարզերում:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվում է իրականացնող գործընկերոջ կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի ընտրում ծրագրի շահառուներին: Մեր ծրագրերից որևէ մեկից աջակցություն ստանալու համար համոզվեք, որ գրանցված եք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններում»,-ասված է հայտարարության մեջ։