Որևէ մեկը չի գնալու այնպիսի քայլի, որպեսզի Ադրբեջանը կարողանա ինչ-որ կերպ վերահսկել, թույլ տալ կամ չտալ որևէ մեկի մուտքն Արցախ: Այս մասին այսօր կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԱՀ ԱԳՆ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախ մուտքի նոր կանոնները կապված են անվտանգության պայմանների բարձրացմամբ: «Ռուս խաղաղապահների հետ սերտ կապի մեջ ենք և նրանք մտահոգություն ունեն, որ Արցախ կարող են ներթափանցել ահաբեկչական տարրեր: Եթե նրանց հաջողվի Արցախի տարածքում ինչ-որ գործողություն կատարել, պատասխանատվություն պետք է կրի նաև ռուս խաղաղապահ առաքելությունը: Հետևաբար, այս համատեքստում պետք է ավելի կանոնակարգվի մուտքի գործընթացը»,- ասել է Դավիթ Բաբայանը:
Նա նշել է, որ Արցախ այցելել ցանկացողները դիմում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, ստանում են վիզա, այնուհետև այդ ցանկը այցելությունից մեկ օր առաջ հանձնում են խաղաղապահներին:
«Առայսօր դեպք չի եղել, որ որևէ մեկին չթույլատրեն մուտքը»,- ավելացրել է Դավիթ Բաբայանը: