«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ամիսներ առաջ հրապարակված ձայնագրությանը: Ըստ այդ ձայնագրության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկել է Ալիևին հանձնել Ղարաբաղի շրջանները և դրա դիմաց, նա՝ առաջին փուլում, ՀՀ-ին կվճարի 5 միլիարդ։
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարավի 7 շրջանից:
Լրագրողի կես կատակ դիտարկմանը՝ եթե ունեիք այդ վեց միլիարդը, ինչու դա չծախսվեց սպառազինության ձեռքբերման վրա, Ս. Սարգսյանը պատասխանել է.
«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել, երբ հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին: Ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ:
Դիտարկմանը՝ նա Ձեզ անձնապե՞ս է առաջարկել այդ գումարը, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չի եղել այդպիսի բան՝ կա՛մ անձնապես, կա՛մ պետությանը, ուղղակի այդպես է ասվել: Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը: Սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք: Ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին: Ուղղակի, իմ պատասխանը ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս»:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այդ առաջարկն արված լինի նաև իր հետնորդին, Ս. Սարսգյանը նշեց. «Չեմ կարող բացառել, համենայն դեպս, հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլյանտը գաղտնի բանակցություններ են ունեցել: Հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունները, հայտնի է, որ հայկական կողմից, այսպես ասած, օպերատիվ կապն ապահովողը նամակ է հանձնել կապիտուլյանտին, և նա այդ նամակը չի պատռել, չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Ես չեմ կարող ասել, պնդել, որ այնտեղ հենց առաջարկություն է արվել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումը ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն»: