«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է։
«Պատերազմից հետո Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում: Արդյունքում Գորիս և Տեղ համայնքների նախակրթարանները վերածվեցին ժամանակավոր կացարանների՝ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ հյուրընկալելով շուրջ 2000 արցախցու:
Սակայն, Գորիսի թիվ 3 և թիվ 7 նախակրթարանները կարիք ունեին կենցաղային պայմանների բարելավման: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մեկնարկած «Ջերմիկ անկյուն» նախագծի շրջանակում, Գորիսի երկու նախակրթարաններում ամբողջությամբ նորոգվել է ջեռուցման կենտրոնական համակարգը՝ ջերմության և տաք ջրի ապահովման համար, և տրամադրվել են շուրջ 100 ծալվող մահճակալներ՝ գիշերակացի խնդիրը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ ջեռուցվել է շուրջ 1220 քմ մակերես, տեղադրվել են հզոր կաթսաներ, ջեռուցման սարքեր: Նաև մոնտաժվել է գազամատակարարման խողովակաշարը, ապամոնտաժվել է ջեռուցվող հատվածում տեղադրված մետաղական ջեռուցման համակարգը, իրականացվել են բոլոր բացվածքների ու ծածկերի քանդված հատվածների վերականգման աշխատանքներ:
Ձեռք բերված 100 ծալվող մահճակալները բաշխվել են Գորիսի և հարակից բնակավայրերի թվով 7 նախակրթարանում ապաստանած ընտանիքներին: