Այս կամ այն համայնքը սահմանամերձ ճանաչելու սկզբունքը կապված է սահմանից ուղիղ որոշակի հեռավորության վրա գտնվելու մեթոդաբանության հետ։ Խնձորեսկն ու Քարահունջն ավելի հեռու են, քան սահմանված առավելագույն հեռավորությունը։
Սակայն կլինեն վերանայումներ, և այդ համայնքները, ամենայն հավանականությամբ, կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Քննարկում ենք նաև Ակներ և Վերին Շեն գյուղերի՝ տվյալ ցանկում ներառելու հարցը։ Օրերի ընթացքում դա կամփոփվի, իսկ Կառավարության որոշման մեջ փոփոխություն կկատարվի»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Կապանին, ապա այլ լուծում կտրվի, քանի որ այն քաղաք է, իսկ ցանկը համայնքային է։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կառավարության նիստում ընդունված նոր նախագծով փոփոխություն կատարվեց սահմանամերձ գյուղերին հատկացվող աջակցության ծրագրում։ Աջակցությունների գործող ցանկում մի քանի այլ կետեր են ավելացվել։
Հիշեցնենք նաև, որ սահմանամերձ 38 համայնքներին ավեացվել է ևս 39-ը, դրանց թիվը դարձնելով 77։ Համայնքները Գեղարքունիքի և մեծապես Սյունիքի մարզերում են։