Այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է 52 681 փախստականի վերադարձն Արցախի մշտական բնակության վայրեր: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ փոխգործակցելով, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Ռուսական ինժեներա-սակրավոր խմբերի կողմից իրականացվում է տեղանքի և օբյեկտների ականազերծում, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացում:
Այսօրվա դրությամբ ստուգվել է 1398 շենք, մոտ 450 կմ ճանապարհ, մաքրվել է ավելի քան 1446 հեկտար տարածք, հայտնաբերվել է 24 793 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: