Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
2020 թվականին Պաշտպանի աշխատակազմն ստացել է 377 դիմում` 481 անձի կողմից` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարության, սեփականության, ընտրական և մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:
Տարեկան հաղորդման մեջ մանրամասն ներկայացված է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով Պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները և դրանց հիմքով պատրաստված զեկույցները:
Հաղորդմամբ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների վրա՝ հանդես գալով կոնկրետ առաջարկներով այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ: