«Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը դավաճանական քայլ է, ապա նրանք, ովքեր դա այդպես են համարում, թող հայտարարեն, որ իշխանության գալուց հետո, չեղարկելու են այն»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ սահմանների դելիմիտացիայով ու դեմարկացիով հնարավորություն է ստեղծվում փակել սահմանների անվտանգային թեման, գալ համաձայնության, թե որտեղով է անցնում պետական սահմանը, որն անձեռնմխելի է։ «Հիմա այս համատեքստում հարցեր են հնչում, արդյոք Ղարաբաղի հարցը փակվո՞ւմ է։ Երբ 1991 թ.-ի դեկտեմբերին Ալմա Աթայում ընդունվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց սահմանների անխախտելիությունը, եթե այդ առումով խնդիր կա, ապա դա առաջացել է 1991 թ-ին, կամ 2010-ին, երբ ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որով Սև լճից այն կողմ Ադրբեջանի տարածքն է համարվում»։
«Այսինքն՝ հիմա ադրբեջանական զորքերը եկել են, մենք ասում ենք չե՞նք զբաղվում այդ հարցով, ընտրությունները կլինեն, կլուծե՞նք, հետո քարոզարշավի ընթացքում մի տեղից էլ մտնե՞ն»,- հավելեց Փաշինյանը։