Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ
Հունիսի 6-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ այցը եզրափակվել է Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով:
««Տիրոջ ողորմածությամբ համախմբվել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված, որ Տերը մեզ ուժն ու զորությունը տա հաղթահարելու պատերազմի արհավիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից և վիրավոր մեր կյանքը նորոգելու տերունական օգնությամբ։ Համախմբվել ենք աղոթելու Հայաստան և Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենի մեր պետությանց զորացման ու բարօրության համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրավորվածների, անհայտ կորածների, գերեվարված մեր զավակների համար», – նշեց Նորին Սրբությունը։
Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Արցախին պատուհասած դժվարություններին և վերազարթոնքի անհրաժեշտությանը։
«Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրրանի սրբազան մասն է, քրիստոնյա մեր ժողովրդի հարստությունը՝ իր պատմությամբ ու սրբություններով։ Արցախի սիրով եք դուք ամուր և կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով եք վճռական՝ այստեղ ձեր կյանքը շարունակելու և նոր իրագործումներով բարեզարդելու։ Դուք հիանալի օրինակն եք տվել այս նվիրական երկրում արիասիրտ սխրանքների ու աստվածահաճո արարումների։ Դուք խիզախորեն պաշտպանել եք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել եք ձեր քաղաքներն ու շեները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղոթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայություններից մեկն է Սուրբ Աստվածածին հոյակերտ այս եկեղեցին։ Մեր նախնյաց փորձառությունը և ոգին հավաստում են, որ մեզ պատուհասած ավերներն ու պատերազմի արհավիրքները և ոչ մի նեղություն չեն կարողանալու մեզ ընկճել և սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամությունը։ Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին։
Հայոց Հայրապետը հայցեց Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը Արցախի ժողովրդին և պետական այրերին պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի կյանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարևոր գործում։ Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում: Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը»»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: