Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց լիազորությունները, այնտեղ խոշոր միջադեպեր չկան, դա գիտեն եւ Բաքվում, եւ Երեւանում։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին մանր անհարթությունները արագորեն վերացվում են։ Ի՞նչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածությանը, ապա Լեռնային Ղարաբաղի հետ այն կապ չունի, ընդգծել է Լավրովը:
«Արյունահեղությունն ավարտվեց մի փոքր ավելի ուշ, քան մենք կողմերին էինք առաջարկում, և մեր մեղքը չէ, որ պատերազմը տևեց ավելի երկար, քան կարող էր լինել։ Ռուսաստանն ընդամենը միջնորդ էր և չէր կարող ստիպել կողմերին՝ մեկին կամ մյուսին․ մենք կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և չափազանց վտանգավոր», – ասել է Սերգեյ Լավրովը։
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է, որ այն պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց գլխավորն այսօր խաղաղ կյանքի վերադարձն է տարածաշրջան:
«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար պետք է ոչ թե արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ», – ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է Երեւանի եւ Բաքվի ու որոշ հարեւան պետությունների հայտարարություններին, ապա Լավրովի խոսքով, դրանք հաճախ պայմանավորված են հույզերով:
Այդ խնդրի լուծմանը, Լավրովի խոսքով ուղղված է նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
«Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը կորոշվի առաջին հերթին նրանով, թե որքանով այդ ապաշրջափակումն ուղղակիորեն կօգնի բարելավել մարդկանց կյանքը։ Այդ եռակողմ քննարկումներում թե՛ Թուրքիայի շահերը, թե՛ Իրանի շահերը միանշանակ հաշվի են առնվում, այլապես այդ ամբողջ ապաշրջափակումը առավելագույն արդյունք չի ունենա», – ասել է Լավրովը ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը շատ օգտակար եւ կայունացնող գործոն է: