Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Էրդողանի ու Ալիևի Շուշի այցին։ Նա Facebook-ի էջում գրել է, որ այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են:
Նա տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Մի քանի հակիրճ մեջբերում օրինագծից.
«Օրենքի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։
«Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո և բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը:
Բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի վրա:
Բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը։