Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ Շուշիի հռչակագիրը։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները երեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում հղում է կատարվում Կարսի պատմական համաձայնագրին, որը ստորագրվել է 100 տարի առաջ:
«Դա նույնպես հսկայական խորհրդանշական նշանակություն ունի։ 100 տարի անց՝ ազատագրված Շուշիում ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է մեր ապագա համագործակցության ուղղությունը», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւի խոսքով՝ հռչակագրում արծարծվել են բազմաթիվ կարեւոր հարցեր, ինչպիսիք են միջազգային հարթությունում համատեղ համագործակցությունը, քաղաքական հարաբերությունները, առեւտրատնտեսական կապերը, մշակույթը, կրթությունը, սպորտը, երիտասարդական քաղաքականությունը:
Երկրորդ կարևոր հարցն, ըստ Ալիևի ՝ տրանսպորտային նոր հաղորդակցության բացումն է.
«Հռչակագրում արտացոլված են Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ հստակ ձեւակերպումներ։ Սա երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքն է։ Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը Թուրքիային և Ադրբեջանին կմիացնի երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով, այլև այդ միջանցքի ստեղծումը դնում ենք գործնական հողի վրա։ Այն փաստը, որ այդ հարցն իր արտացոլումն է գտել Համագործակցության մասին այս հռչակագրում, մեծ նշանակություն ունի», – ասել է Ադրբեջանի ղեկավարը:
«Ես բազմիցս ասել եմ, որ այսօր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհի ամենամոտ երկրներն են, մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր համագործակցությունը», – հավելել է Ադրբեջանի նախագահը: