1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ:
Պատմական որոշման 30-ամյակին էր նվիրված նոյեմբերի 25-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում «Հայկական ընտրություն» ՀԿ-ի և Ստեփանակերտի մամուլի ակումբի կողմից կազմակերպված կլոր սեղանը:
Բացման խոսքում Ստեփանակերտի մամուլի ակումբի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը և «Հայկական ընտրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը կարևորել են նման քննարկումների կազմակերպումը:
«Առաջընթացի ձգտող յուրաքանչյուր հասարակության համար անչափ կարևոր է քննարկումների տարբեր հարթակների առկայությունը: Արցախյան շարժման խորհրդանիշներից մեկը` Իգոր Մուրադյանը, մի անգամ ցավով փաստել է` պարզվեց, որ ավելի հեշտ է թշնամու վրա կրակել, քան թե հայրենիքի ճակատագիրը քննարկել հայրենակիցների հետ: Հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք հայրենիքի ճակատագրով մտահոգ և հայրենիքի զորացման գործում լուրջ ներդրում ունեցած մարդկանց հետ արծարծել հայրենիքի լուսավոր ապագային առնչվող հարցեր»,- նշել է Գեղամ Բաղդասարյանը` մասնակիցներից ակնկալելով կառուցողական քննարկում:
Կլոր սեղանին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը: Նա նշել է, որ քննարկումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բավականին բարդ պայմաններում և ադրբեջանաղարաբաղյան կարգավորման հակամարտության շուրջ նոր մարտահրավերների պարագայում: «Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, առավել ևս երբեք չի պատկանել Ադրբեջանին: Խորհրդային Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարության պատմական առումով կարճատև ներառումը ամենևին էլ հիմք չէ ԱՀ-ն նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների համար: Արցախի նկատմամբ հայ ժողովրդի ինքնիշխանությունն անսասան է եղել շատ ավելի վաղ, քան աշխարհի քարտեզում Ադրբեջանի հայտնվելը: Հայաստան ասելով այսօր հասկանում ենք մեկ երկիր և ընդհանուր ապագա ունեցող երկու պետություն»,-ասել է Մ. Մայիլյանը:
Քաղաքագետներ Ալեքսանդր Քանանյանը, Արա Պապյանը, ինչպես նաև «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը և «Հայկական ընտրություն» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Աղայանը հանդես են եկել ելույթներով:
Զեկուցողները խոսել են միացման հայեցակարգի հիմնարար դրույթների և դրանց կիրառման մասին:
Այնուհետև ներկաները կարծիքներ են փոխանակել 1989թ. որոշման պատմական դերի, արդի նշանակության և հետագա զարգացումների վերաբերյալ իրենց պատկերացումների մասին: