Հանրապետության հրապարակին կից այգում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի մոտակայքում այսօր տեղի է ունեցել «Գորգերն արևին տալու» արարողությունը: Արցախից բերված մոտ 70 հայկական գորգ ու կարպետ բաց երկնքի տակ են փռվել՝ արևի շողերի ներքո՝ փոխանցելով այցելուներին հայկական գորգերի գեղեցկությունն ու հայ վարպետների տաղանդը։ Ցուցադրությանը կից բաց նկարչության դաս է կազմակերպվել՝ հայկական գորգերը տեղում նկարել ցանկացողների համար։
«Գորգերն արևին տալը ամենակլասիկ ու ամենահին ավանդույթներից մեկն է․ գոնե տարին մեկ անգամ գորգերը պետք է արևին տալ»,-այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։
Թանգարանի հիմնադիրը նշեց, որ գորգերի ցուցադրության նպատակն է տեղեկացնել ողջ աշխարհին, որ արցախյան գորգերը հայկական մշակութային ժառանգության մի մասն են։
Խոսելով պատերազմական պայմաններում գորգերի դուրսբերման մասին՝ Ասծատրյանը նշեց․ «Վերջին օրերն էր, Աստծո օգնությամբ հասցրեցինք այդ ամենը տարհանել, ցավոք, ֆոնդի շենքում մոտ 100 գորգ մնաց։ Ես շուտ չէի ուզում հանեի, որպեսզի մարդկանց մոտ ընկճվածություն չառաջանար, բայց, օրինակ, Հադրութում «ճանաչված մարդիկ» սկսեցին իրենց ունեցվածքը փրկել, ինչը բերեց նրան, որ Հադրութի «ժողովուրդը» ժամանակից շուտ ընկճվեց»։
Մանրամասն՝ տեսանյութում։