Այսօր արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած, ոստիկանության ծառայող Հրայր Մհերի Դանիելյանի ծննդյան օրն է: Հրայր Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին՝ Մարտունու շրջանի Նոր-շեն համայնքում: 2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը՝ իրավաբան մասնագիտությամբ:
2015 – 2017 թթ. ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում: 2020թ. օգոստոսի 15-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում:
Հանգչում է հայրենի գյուղում:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր այցելել է Նոր-շեն՝ զորակցել Դանիելյանների ընտանիքին, հարգանքի տուրք մատուցել ռազմագործողությունների ընթացքում անմահացած Հրայր Դանիելյանի շիրիմին: Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Նոր-շենում, այսօր տեղի է ունեցել Խաչքարի բացում՝ նվիրված արցախյան գոյապայքարի բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին, այնուհետև գյուղի դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված Հրայր Դանիելյանի ծննդյան օրվան: