Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում հյուրընկալեց «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով միջոցառում։ Հիմնական բանախոսներն էին պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն:
Բացելով միջոցառումը` Ռուբեն Ռուբինյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողությունից դուրս մնացած, այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների պաշտպանության շուրջ վերջին տարիներին Եվրոպայի խորհրդում ընթացող քննարկումները։
Որպես հիմնական բանախոս՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց միջազգային ճանաչման դեռևս չհասած պետություններում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված որոշակի բացերը, նման պետությունների տարածքներ մոնիտորինգային մեխանիզմների մուտքը արգելափակելուն միտված որոշ ԵԽ անդամ պետությունների շարժառիթները: Նա շեշտեց. «Միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների և դրանց ունիվերսալության սկզբունքի մասին»:
Տեղեկացրեց, որ, թեև Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության, Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով այդ թվում Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների և առաջին հերթին` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Շեշտեց, որ անկախ Արցախի միջազգային կարգավիճակից՝ իրենք շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը։
Ռընե Ռուքեն խոսեց Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին և կոչ արեց իր քայլերում գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը նաև հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:
Ներկա էին Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, ԵԽԽՎ անդամներ, ԵԽ փորձագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դասախոսություն կարդաց Ստրասբուրգի համալսարանում։ Նախատեսվում են նաև Արտակ Բեգլարյանի հանդիպումները մի շարք միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: