Արդեն երրորդ տարին է, ինչ Արցախի Հանրապետության Մարտունի շրջկենտրոնը վեր է ածվելու մրգերի թագուհի համարվող նռան փառատոնի վայրի: Այս տարի փառատոնը կայանալու է հոկտեմբերի 19-ին:
Փառատոնը գրավում է նռան մշակությամբ զբաղվողներին ու մարդկանց, ովքեր սիրում են պարզապես համեղ ուտել ու մասնակցել գեղեցիկ տոների:
Փառատոնը կազմակերպվում է ԱՀ Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ: Դրա ընթացքում նախատեսվում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքն են վաճառքի հանելու Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործները: Փառատոնին ներկայացվելու են նաև մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները. այլ հետաքրքիր նորամուծություններ ևս կլինեն:
Փառատոնը նպատակ է հետապնդում աջակցել նռան մշակությանը, մրգի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել, ինչպես նաև շրջանում զարգացնել զբոսաշրջությունը: