Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում անվտանգության, սոցիալական ապահովման, մարդու իրավունքների խնդիրներին։
Մեկնաբանելով Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունները՝ նա նշել է․
«Դատավարությունների ամենակարճ մեկնաբանությունն այն է, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով, անօրինական ճանապարհով իրականացնում է դատավարություններ, որոնք նպատակ են հետապնդում սպասարկելու Ադրբեջանի կողմից հայտարարված քաղաքական նպատակները։ Այսինքն՝ մինչև անգամ դատավարություններն սկսվելը, Ադրբեջանի քաղաքական իշխանությունների կողմից այս մարդիկ արդեն իսկ որակվել էին որպես ահաբեկիչներ, որակվել էին որպես հանցագործներ, և այստեղ որևէ արդարադատության մասին խոսք լինել չի կարող։ Դատավարություններն ամբողջովին ապօրինի են, դրանց արդյունքները չեն կարող տվյալ անձանց կարգավիճակը որոշող որևէ վերջնական որոշում համարվել։ Մեր ռազմագերիները կարգավիճակով ռազմագերի են, այնտեղ կան նաև գերեվարված քաղաքացիական անձինք, և Ադրբեջանի կողմից իրականացվող դատավարությունները որևէ ձևով չպետք է հիմք հանդիսանան նրանց կարգավիճակի փոփոխության համար»,- ասել է նա՝ շեշտելով, որ միջազգային հումանիտար իրավունքի դրույթների համաձայն՝ այդ մարդիկ պետք է վերադարձվեն հայրենիք, այլ տարբերակ չի կարող լինել։
«Եթե դատավարություններն Ադրբեջանի կողմից շարունակվեն, ապա ՀՀ-ն պետք է գործուն քայլեր ձեռնարկի, որ նրանց նկատմամբ կայացրած վճիռներն անպայման Եվրոպական դատարանում բողոքարկվեն, և արդարությունը վերականգնվի»,- հավելել է ԱՀ ՄԻՊ-ը։
Դիտարկմանը՝ տարբեր թվեր են հրապարակվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ, և հարցին՝ Ձեր տվյալներով` քանի՞ հայ է գտնվում ադրբեջանական գերության մեջ, նա պատասխանել է․
«Որպեսզի մի փոքր հստակություն լինի այս հարցում, պետք է տարբերակում տանք։ Կան անձինք, որոնց գերեվարման հանգամանքը հաստատված է Ադրբեջանի կողմից, և այդ մարդկանց թիվը 45 է։ Այսինքն՝ սա այն թիվն է, որ երկու կողմն էլ ԿԽՄԿ-ի միջամտությամբ հաստատել է, և կան այս մարդկանց անունները՝ և՛ մեզ մոտ, և՛ Կարմիր Խաչի մոտ, նրանք պարբերաբար այցելություններ են իրականացնում, կապ են պահպանում հարազատների հետ։ Մեր և հայաստանյան կառույցների փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ այդ թիվը մի քանի անգամ ավելի շատ է։ Ունենք, օրինակ, տեսանյութեր, որով փաստվում է տվյալ անձի գերությունը, ունենք գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ վկայություններ։ Այդ թիվը մի քանի տարբեր աղբյուրներից հնչեցվել է, և հավանական գերեվարվածների թիվը 200-ի է հասնում։ Սակայն, եթե հստակ խոսում ենք այն մարդկանց մասին, որ կարող ենք ասել, որ հաստատված գերիներ են, ապա նրանց թիվը 45 է։ Մյուսների մասով պետք է աշխատանքները շարունակենք, շարունակենք պնդել գերության փաստի հանգամանքի վերաբերյալ։ Հասնենք նրան, որ եթե իրականում նրանք գտնվում են գերության մեջ, նրանց գերության փաստը Ադրբեջանի կողմից ևս հաստատվի»։
Իսկ թե մարդու իրավունքների ոլորտում ինչ հիմնական խնդիրներ կարելի է առանձնացնել Արցախում հետպատերազմյան շրջանում, և ինչ միջոցներ են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ, Գեղամ Ստեփանյանը նշել է, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ՄԻՊ-ի աշխատակազմ մուտքագրվող դիմումների մեծամասնությունը վերաբերում էր սոցիալական ապահովության իրավունքի խախտումներին։
«Մեր միջամտությունները որոշակի չափով կարգավորվել են և մենք ամբողջությամբ ընդգրված ենք այդ գործընթացների մեջ։ Պետք է ընդգծենք, որ զուտ պետական համակարգը պատրաստ չէր նման ծավալի աշխատանքներին՝ կային բազաների հետ կապված խնդիրներ, որոնք բողոքի առիթ էին տալիս, կային նաև հաշվառման հետ կապված խնդիրներ։ Հիմա, կարծես թե, այս խնդիրների մեծ մասը կարգավորվել է, կարող ենք ասել, որ ներկայացված առաջարկների մեծամասնությունն ընդգրկվել է նոր իրավակարգավորումների մեջ։ Հիմա արդեն այդ հարցերը որոշակիորեն ճշգրտված են՝ և՛ բազաների հետ կապված խնդիրներն են կարգավորվել որոշակի առումով, և՛ մնացած տեխնիկական բնույթի հարցերը։ Մեզ համար առաջնային են մնում տեղահանված անձանց խնդիրները։ Տեղահանված անձինք մեր համար առաջնային ուշադրության կենտրոնում են գտնվում։ Այցեր ենք ունենում Ստեփանակերտ և Արցախի այլ շրջաններ՝ վերաբնակեցված տեղահանված բնակչությանը։ Ամենասուր հարցն այսօր Արցախում բնակարանների հարցն է։ Անգամ մինչև պատերազմն Արցախում բնակարանային ֆոնդի խիստ պակաս կար։ Պատերազմի հետևանքով այս հարցն ավելի է սրվել»,- նշել է ՄԻՊ-ն ու հավելել, որ շատ հաճախ մարդիկ բնակվում են այնպիսի պայմաններում, երբ ապահովված չեն ամենատարրական կենսական անհրաժեշտության պայմանները։
«Սակայն մարդիկ, որոնք վերաբնակվել են Արցախում, ամենակարճ ժամկետում պետք է այդ խնդիրներին լուծում տանք։ Չնշեմ նաև, որ դեռևս 22 հազար Արցախի քաղաքացիներ գտնվում են Երևանում և Հանրապետության մարզերում, և նրանցից շատերը ցանկություն են հայտնում վերադառնալ Արցախ, սակայն մինչև այսօր այդ հնարավորությունը չկա, զուտ հասանելի բնակարանների խնդիր կա, մանավանդ Ստեփանակերտում և հարակից շրջաններում։ Օկուպացված տարածքների բնակչության հաշվառման հետ կապված խնդիրներ կան։ Արցախի Հանրապետության քաղաքացիությունը որոշվում է հաշվառման հիմքով։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք պետք է հաշվառում ստանան, մենք համապատասխան առաջարկություններ ենք ներկայացրել կառավարությանը, և որոշումներ պետք է կայացվեն։ Խնդիրները տարբեր են։ Եթե խոսենք, որ հետպատերազմյան շրջանում դրանք ավելի շատ սոցիալական ապահովմանն էին վերաբերում, ապա հիմա բոլոր իրավունքների վերաբերյալ բողոք-դիմումներն ընդունում ենք։ Իրականացնում ենք մշտադիտարկումներ, ինչի արդյունքում մեր միջամտությամբ այդ խնդիրները ստանում են իրենց լուծումները»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։