Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը Բաքվին կոչ է արել չխեղաթյուրել իրականությունը։ «Իհարկե, սա Ադրբեջանի տարածք չէ: Դա իրենց նպատակն է՝ Արցախը դարձնել Ադրբեջանի տարածք, բայց դա չի նշանակում, որ դա հաջողվելու է»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը զինված ուժեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք, Արցախի արտգործնախարարն ասել է, որ «Հայաստանի կողմից զորքի որևէ տեղաշարժ կամ տեղաբաշխում չկա»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ինչպես ռազմական միջոցների գործադրումը ադրբեջանական զինուժի կողմից, այնպես էլ Բաքվի նմանատիպ հայտարարությունները ուղղված են միևնույն նպատակին՝ հոգեբանական ճնշում գործադրել՝ փորձելով վախեցնել արցախցիներին: Բացի այդ, նաև փորձում են խարխլել հայ-ռուսական հարաբերությունները և հող նախապատրաստել Հայաստանի հետ Արցախի կապը կտրելու:
«Վաղն էլ ասելու են՝ «պետք է ստուգենք, տեսնենք՝ ով է գալիս Հայաստանից», և այլն, և այլն: Իրենք այդպես են ծրագրել՝ խեղդել Արցախը սոցիալ-տնտեսական առումով, թույլ չտալ, որ ներդրումներ լինեն»,- բացատրել է Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, հարկավոր է շատ լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել դրա դեմ: