Ադրբեջանը և Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ` կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- ասել է նախագահի օգնական Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները:
Հաջիևն ասել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խաղաղարար ուժերի համար սահմանում է «քաղաքական և որոշ չափով՝ իրավական շրջանակ»:
«Ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և համաձայն նոյեմբերի 10-ի հայտարարության՝ խաղաղապահ ուժերը ժամանակավորապես տեղակայված են Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածում»,- շեշտել է նախագահի օգնականը:
Նրա խոսքով, ներկայումս օկուպացիայից ազատված բոլոր տարածքներում սկսվում են նոր վերակառուցման աշխատանքներ:
«Հիմնական խնդիրը, որի առաջ մենք կանգնած ենք այժմ, այդ տարածքներում շինարարության, վերակառուցման աշխատանքների իրականացումն է: Վերջին 30-40 տարիների ընթացքում չեն եղել այնպիսի խոշոր վերակառուցման ծրագրեր, որոնց մեր պետությունը բախվել է համաշխարհային մասշտաբով»,- ընդգծել է Հաջիևը: