Քաշաթաղի, Շուշիի և Հադրութի տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք առավոտյան ժամը 10։00-ից այնտեղ են եղել․ պահանջը հետևյալն է՝ եթե Հայաստանի կառավարությունը որոշել է առանց մետր անգամ զիջելու տեղահանել իրենց և հանձնել իրենց բնակավայրերը, ապա թող Հայաստանի տարածքում իրենց ապահովի կացարանով։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այն լինի Երևանում։ Համաձայն են ցանկացած մարզում բնակվել։
Տեղահանված բնակիչները գումար չեն ուզում, պնդում են, որ չեն հեռանա մինչև իրենց տանիք չտրամադրեն։ Քաղաքացիները նշում են, որ ՀՀ կառավարությունից որոշակի գումարային աջակցություն են ստացել, բայց այն չի բավարարել անգամ տան վարձը վճարելու համար, և ապրում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ոմանց խոսքով՝ այժմ չեն ստանում անգամ 68 000 դրամի գումարային օժանդակությունը։
Նրանց ՀՀ կառավարությունից այդպես էլ ոչ ոք չի ընդունել, սակայն իրենց հարցը բարձրացրել են Արցախի ներկայացուցչության մոտ՝ փորձելով հանդիպել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ ու նրան ներկայացնել իրենց խնդիրը։