Բժշկական համալսարանի որոշ դասախոսներ միանալու են դասադուլին։
Այս մասին Facebook-ի էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ դա դասախոսների սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել նրանցից։
«Ամենակարևորը՝ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։ Որպես օրինակ ասեմ, ո՛չ 2018 թվականին, ո՛չ էլ հիմա բուհի կողմից որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժում համազգային անհնազանդության միջոցառումների է սկիզբ է հայտարարել։
Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ ևս միացել են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են նաև միացել Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը, Ամերիկյան համալսարանի հինգ տասնյակ դասախոսներ, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։