Այսօր իշխանություն- պետություն- ԲՈւՀ անձնակազմերը դարձել են հակամարտող կողմեր, ինչն անընդունելի է։ ԱԺ Կրթ․, մշակույթի, սփյուռքի, երիտ․ և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին՝ հայտնի, աղմկահարույց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարի կարծիքով՝ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Դրա պատճառներից մեկը, ըստ Դումանյանի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է:
Նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից։
Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության, իսկ ԵՊՀ-ին տրամադրվի հատուկ կարգավիճակ։
Նախարարը պարզաբանեց նախագծի ամենաքննարկված հարցը, ըստ որի՝ օրենքի ընդունման դեպքում ցանկացած ռեկտորի կարելի էր ազատել աշխատանքից։ Նախարարը խոստավանում է՝ ինքը դեմ է եղել այդ կետին, և օրենքի նախագծից այն հանել են։
«Ընտրված ռեկտորը պետք է մնա իր պաշտոնին։ Պետք է հարգենք մեր անցյալն էլ»,- հավելեց նա։
Օրենքի նախագիծը ներկայացնելուց բացի, Վահրամ Դումանյանը կոչ ուղղեց օրենսդիր մարմնին, որ հատուկ կետով գիտության ֆինանսավորումն ավելացվի։
«Գիտության ֆինանսավորումը լրջաջույն հարց է։ Հասկանում եմ, որ բարդ իրավիճակ է։ Գիտեմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի ֆինանսավորումն ավելացվի, բայց խնդրում եմ քննարկել այդ հարցը։ Առանց էական քայլերի, այս ոլորտում զգալի արդյունքի չենք կարող հասնել»,- նկատեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2020 թ. դեկտեմբերի 3-ին օրենքի նախագիծը որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, մինչդեռ մի շարք բուհեր` ներառյալ Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը, պահանջել էին հետ կանչել օրենքի նախագիծը` դրա որոշ կետեր անընդունելի համարելով։
Փորձագետների գնահատականներով՝ նախագիծն իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, բուհական համակարգի աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների դերակատարությունը: Օրենքի հիշյալ նախագծում իսպառ բացակայում է բուհերում գործող արհեստակցական կազմակերպությունների մասնակցությունը բուհերի հոգաբարձուների և ակադեմիական խորհուրդներում:
Օրենքի նախագծում տեղ է գտել մեկ վիճահարույց դրույթ ևս՝ բուհերի ռեկտորների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ: Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։