Կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն խոչընդոտել են մեր ծրագրերի իրականացմանը: Սակայն, 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները:
«Հայաստանում 2020-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20,6 տոկոսով: Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել»,- ասաց Արշակյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն կա, 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով:
«Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ»,- ասաց Արշակյանը։