ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նվազեցման հարց չի քննարկվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ պարզաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե 10-15 տոկոսով կրճատվել է դպրոցների ֆինանսավորումը։
«Բոլոր պետական հանրակրթական հաստատությունները ֆինանսավորվում են ՀՀ կառավարության 2020 թ․ դեկտեմբերի 30-ին ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին 2215-ն որոշմամբ հաստատված չափաքանակով, ամբողջ ծավալով։ Նախարարությունն արդեն ստորագրել է իր ենթակայության հաստատությունների հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերն ու հաստատել նախահաշիվները»,- մանրամասնեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում, թե իշխանությունը կրճատել է դպրոցների ֆինանսավորումը։
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը գրավոր ծանուցում է ուղարկել դպրոցներին ֆինանսավորումը 10-15 % կճատելու մասին՝ հիմնավորելով, թե բյուջեում փող չկա:
Ըստ լրատվամիջոցների՝ այս որոշման արդյունքում դպրոցները լրջագույն խնդիրների առաջ են կանգնելու՝ ընդհուպ տարեվերջին ուսուցիչներին աշխատավարձ վճարել չկարողանալով: