ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդունել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ համատեղ իրականացվող ծրագրերը պետք է լինեն հավակնոտ և ուրվագծեն ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը: Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
Միության խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ խոցելի խմբերի (կույրեր) համար ինտերնետ հասանելիության կենտրոնների ստեղծումը:
Նա առանձնացրել է երկու ուսումնական ծրագիր՝ Համակարգչային գրագիտություն և Իրերի ինտերնետ թեմաներով, որոնցում նախատեսում են ներգրավել նաև պատերազմում հաշմանդամ դարձած քաղաքացիներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ին ներգրավել ԲՏԱՆ կողմից իրականացվող ծրագրի աշխատանքային խմբում՝ նախատեսված սահմանափակ կարողություններով և պատերազմում հաշմանդամ դարձած անձանց համար։
Հանդիպման ընթացքում որոշվել է Միության հետ համատեղ մշակել Կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվի պետական մարմինների կողմից «․հայ» դոմենային տիրույթի կիրառումը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նաև «․am» և «.հայ» դոմենների կառավարիչն է։