ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 7-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուին և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին։
Նատալիա Մոչուն Հայկ Չոբանյանին է ներկայացրել ՀՄՄ գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի հետ, արդեն ձևավորված համագործակցության արդյունքում, 2020թ. իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, Միության կողմից 2021թ. նախատեսվող առաջնահերթությունները։ Նա մանրամասնել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ էլեկտրակապի, թվային, ինժեներական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում:
Նատալիա Մոչուն ընդգծել է, որ Հայաստանը ՀՄՄ լիիրավ անդամ է և շատ կարևոր է, որպեսզի հետագա գործակցության ուղղությունները մշակվեն՝ հիմքում ունենալով հայկական կողմի առաջարկները։
«Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն։ Այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական դերակատարն է երկարաժամկետ կտրվածքով։ Որքան ճիշտ համակարգենք մեր գործակցությունը՝ հնարավորինս առաջ նայելով և նախանշելով մեր նպատակները, այդքան ավելի մեծ կլինեն հաջողությունները նշված բոլոր ուղղություններով»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին վերլուծել ներկայացված առաջարկները․ ըստ առաջնահերթությունների պատրաստել համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։