Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկատվություն է հրապարկել ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Նախագահը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։
Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ: