Թումոյի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է փաստաթուղթ, որով երկու կազմակերպություններն ազդարարել են մեծ համագործակցության սկիզբը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը հաջող ընթացք է ունեցել և Թումո կարճ այցից հետո Գերմանիան պատրաստվում է կենտրոններ բացել ոչ միայն Բեռլինում, այլև գերմանական այլ քաղաքներում:
«Թեև Մերկելի Թումո այցը կարճ էր, և միայն վերելակում ու միջանցքներում էր հաջողվում արագ պատմել Թումոյի հնարավորությունների մասին ու առաջարկել Գերմանիայում նույնպես ունենալ նման կենտրոն, բայց զարմանալին այն էր, որ այցից կարճ ժամանակ հետո տրվել էին համապատասխան հանձնարարականներ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Հայկական և գերմանական կողմերի ջանքերի շնորհիվ գերմանական KfW-ն դարձավ Թումոյի գործընկերը և պատրաստվում է իր գործիքների միջոցով կենտրոններ նախաձեռնել ոչ միայն Բեռլինում, այլև գերմանական այլ քաղաքներում»,-նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ կարևոր հանձնառություններից է հայկական կրթական, նորարարական ապրանքանիշերի արտահանումը և ստորագրված փաստաթուղթը դրա լավագույն օրինակներից է։