Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ՌԴ ֆինանսների նախարարության հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության երկրներում ֆինանսական կրթությանը նվիրված համաժողովին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ֆինանսական կրթության քաղաքականության իրականացման շրջանակում համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների փորձի փոխանակում, գործողության պլանի և առաջնահերթությունների քննարկում:
Ինչպես նշել է Լուսինե Առաքելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդիպման մասնակից երկրների շարքում միակն է, որը ֆինանսական կրթության իրականացման վերահսկողության մեխանիզմներ ունի և պետական մակարդակով ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը: «Հայաստանը միակն է նաև, որտեղ ֆինանսական կրթություն է դասավանդվում ոչ թե արտաուսումնական կամ արտադասարանական ծրագրերով, այլ՝ ինտեգրված պարտադիր առարկաների ծրագրի մեջ»,-ասել է նախարարության ներկայացուցիչը: Համաժողովի մասնակիցները ողջունել են այդ փաստը՝ առաջարկելով այն ներդնել նաև մասնակից երկրների համապատասխան ծրագրերում:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է եղել ֆինանսական գրագիտության, (այդ թվում՝ ներառական մակարդակում) զարգացման, ֆինանսական կրթության ազգային ռազմավարության մշակման, դպրոցների և արտադպրոցական նախաձեռնությունների միջոցով երիտասարդների ֆինանսական գրագիտության կարիքների գնահատման, միգրանտների և նրանց ընտանիքների ֆինանսական գրագիտության կարիքների բացահայտման և բավարարման ուղղությամբ նախատեսվող զեկույցներին: