Ետպատերազմյան շրջանում շատ են Հայաստանի չգնված սպառազինության և ոչ պատեհ գնումների շուրջ քննարկումները։ Armenia Today-ն հետահայաց անդրադարձ է կատարում այդ սպառազինության ձեռքբերման ժամանակահատվածին, դրանց վերաբերյալ քննարկումներին, հակադիր կարծիքներին ու առկա իրավիճակներին։
ՕՍԱ-ԱԿԱ-երի գնման հետ կապված դիսկուրսը բավականին քաղաքականացված է։ Այն մոտեցումը, թե ինչ-որ համակարգ ներդնելով կարելի է բոլոր հարցերը լուծել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով հանրային քննարկումներին, թե որքանո՞վ էր արդյունավետ OՍԱ-ԱԿԱ-երի գնումը՝ հաշվի առնելով դրանց արտադրության ժամկետն ու տեխնիկական հնարավորությունները։
Ըստ Հարությունովի՝ այն խնդիրները, որոնք այս պատերազմի ժամանակ բացահայտվեցին, դրանք նախևառաջ համակարգային բնույթ էին կրում, և խնդիրն այն չէր, որ ինչ-որ համակարգ եղել է ոչ արդյունավետ։ «ՀՕՊ-ն ավելի լայն համակարգ է, որի մեջ ներառվում են ռադիո-էլեկտրոնային հակազման համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, վերջիններս պետք է թիրախները գտնեն, որ ռադիոլոկացիոն համակարգերը համապատասխանաբար կարողանան կրակ վարել։ Այն համակարգը, որ մեր մոտ կար, եթե ինտեգրված լիներ որևէ ժամանակակից զենիթահրթիռային համակարգի մեջ, երաշխիք կար, որ ինքը էֆֆեկտիվ կլիներ»։
Նա նշեց նաև, որ օբյեկտիվ խնդիր կա կապված նաև ռելիեֆի հետ։ «ՀՕՊ-ը, որը կառուցված է ցամաքային զենիթահրթիռային համակարգերի վրա, ինքը չի կարող 100 տոկոս արդյունավետ լինել լեռնային գոտում, քանի որ լիարժեք ռադիոլոկացիոն դաշտ չի առաջանում։ Կան գոտիներ, որոնք ռադարները չեն տեսնում։ Բերել այդ պրոբլեմը մեկ համակարգին՝ սխալ է»։
Ինչ վերբերում է ՏՕՐ համակարգերին, ապա, ըստ Հարությունովի, այս կոնֆլիկտի ժամանակ այն օգտագործվել է, և խոցվել ադրբեջանական ԱԹՍ-ների կողմից։ «Այստեղ էլ խնդիրն այն է, թե այն ինչպես է կիրառվել։ Այս իմաստով կիրառման համակարգը ունեցել է խնդիրներ, ցանկացած տիպի զենիթահրթիռային համակարգ կարող է խոցվել։ Նույն C-300-ները, որոնք ավելի բարձր դասի համակարգեր են, նույնպես խոցվել են։ Այսինքն՝ միանշանակ չէ նաև ՏՕՐ-ի գնման արդյունավետությունը»։
Հարությունովը նշեց նաև, որ ՕՍԱ-ների գնման գործընթացն ինչ-որ տեղ պարտադրված էր հայկական կողմի համար, քանի որ ֆինանսական խնդիր է եղել։ «Եղել է խնդիր, որևէ գոտում հակաօդային պաշտպանություն ապահովել։ Հարցն այն չէ, թե ի՞նչ էր ճիշտ կամ սխալ այստեղ, հարցը ՊՆ տրամաբանության մասին է, որ եղել է այն մոտեցումը, որ ինչ-որ էժան ու արագ տարբերակով համակարգ առնել և այդ գոտին «փակել», մինչև լինի հնարավորություն նոր համակարգեր գնելու։ Սա օբյեկտիվ գործոն է։ Բնականաբար ավելի լավ և ճիշտ է գնել նոր համակարգեր։ Այստեղ պետք է նշել, օրինակ, Պանցիր Ս1-երը, որոնք հենց ԱԿԱ անօդաչուների դեմ ավելի արդյունավետ էին։ Սա պետք է լիներ համակարգված, այսինքն՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կհամադրվեին ռադիոլոկացիոն կայանների հետ»։
Հարցին՝ ինչի՞ վրա պետք է արվեր հիմնական խաղադրույքը՝ ցամաքային հակաօդային պաշտպանությա՞ն, թե՞ ռազմաօդային ուժերի զարգացման վրա, Հարությունովը նշեց․ «Վերջին 30 տարվա ընթացքում հիմանական ուշադրությոնը եղել է հակաօդային պաշտպանության զարգացումը, քան ռազմաօդային ուժերի։ Ռազմաօդային ուժերը միայն հարձակողական միջոցներ չեն, իրենք շատ ճկուն մեխանիզմ են, կոնկերտ ՍՈՒ-30-ը, եթե կա անհրաժեշտ խմբավորում, արդյունավետորեն գործում է, կարող է ապահովել ՀՀ ողջ օդային տարածքի հակաօդային պաշտպանությունը։ Ընդ որում՝ կարողանում է լեռնային տեղանքի հետ կապված խնդիրները լուծել։ Եթե գետնի վրա գտնվող ռադիոլոկացիոն կայանը կարող է այդ խնդիրը չտեսնել, ապա ՍՈՒ-երը այդ խնդիրը չունեն, շատ հստակ «տեսնում են»՝ օդում ինչ է կատարվում»։
Ըստ Հարությունովի՝ առաջ քաշել այն փաստարկը, որ ՍՈՒ-30-երի գնումը բերում է միայն հարձակողական բնույթի խնդիրների լուծմանն, այդքանը էլ ճիշտ չէ։ «Ռազմաօդային ուժերը բավականին ճկուն են՝ դրանք հետախուզում, բացազատվում են հակառակորդի տարածքում, շատ լայն հանրավորություններ ունեն։ Կա նաև այսպիսի թեմա, որ ոչ թե պետք է անօդաչուներ առնել, այլ այդպիսի կոնվենցիոնալ կործանիչներ։ Սա էլ վիճելի է այն տեսակետեց, որ անօդաչուները ենթակառուցվածքային առումով ավելի հեշտ են շահագործվում, եթե կան ռազմաօդային ուժեր, որոհետև ինքը գտնվում է օդային տիրույթում»։
Հարությունովը նշեց նաև, որ Ադրբջանը չնայած ՍՈՒ-30-եր չէր առնում, սակայն ուներ ռազմաօդային ուժերի բավականին մեծ խմբավորումներ, հայկական կողմից առնվազն 2 անգամ մեծ ՍՈՒ-երի խմբավորում, նաև ուղղաթիռների բավականին մեծ խմբավորում։ «Ենթակառուցվածքային առումով նույն անօդաչուները ևս գործում են օդանավակայաններից, հատուկ պատրաստված մարդիկ։ Ավելի հեշտ է զարգացնել այդ ուղղությունը, եթե կան անհրաժեշտ օդային ուժեր։ Այս առումով, եթե Հայաստանն ուզում է ժամանակակից բանակ ունենալ, ռազմաօդային ուժերն այլընտրանք չունեն»,-նշեց ռազմական մեկնաբանը։
Այնուհանդերձ, ըստ Հարությունովի՝ կոնկրետ ՍՈՒ-30 հետ կապված կա մեկ խնդիր, թե ինչպես էր հայկական կողմը ցանականում հասնել ռազմաօդային ուժեր զարգացմանը։ «ՍՈՒ-30 բավականին թանկարժեք ինքնաթիռ է, կարելի էր գտնել այլ լուծում՝ գնելով ավելի օպերատիվ խնդիրների լուծման համապատասխան և ավելի էժան ու սպասարկման մեջ հեշտ կիրառվող միջոցներ, որոնք ավելի արագ կադապտացվեին։ Դա հնարավորություն կտար պատերազմի ընթացքում այնպիսի խմբավորում ունենալ, որը կարելի կլիներ մարտի տանել։ Եթե ձևակերպենք աշխարհի ամենաուժեղ բանակների տասնյակը, ապա այդպիսի բանակ չկա, որ ռազմաօդային ուժեր չունենա և այս տեսանկյունից Հայաստանը ևս այլընտրանք չունի ռազմաօդային ուժերի զարգացման հետ կապված»։