Այսօր ժամը 13։00-ին նախատեսված երթից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին, որտեղ անդրադարձել է նաև Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Նա, մասնավորապես, նշել է․ «Այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Անգամ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունքի հանձնում է։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է։ Այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու երաշխիքներն ամրապնդելու համար։ Ինչպե՞ս։ Խնդիրն այն է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանակություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունքի մարզ, Հայաստանի Հանրապետության տարածք՝ դրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղեկայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում»։
Նա շեշտել է, որ այսօր Ռուսաստանի սահմանապահ և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում․ «Սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե, սրա արդյունքում մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են։ Այդ ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալով»,-ասել է նա՝ հավելելով, որ ինչպես ՀՀ ողջ տարածքից, Սյունիքի մարզի տարածքից ևս ոչ մի միլիմետր հող չի զիջվելու, և հակառակի մասին որևէ պնդում իրականությունը պարզապես չի համապատասխանում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սյունիքում լարված իրավիճակ է ստեղծվել՝ կապված, մասնավորապես, Կապանի շահեկան դիրքերը Ադրբեջանին հանձնելու հետ։ Տեղի բնակիչները արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ճանապարհներ։