ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ իրենց մտահոգությունն էին հայտնել մարզում սահմանների հստակեցման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքապետերն արձանագրել են, որ սահմանի փոփոխության հետևանքով հակառակորդի թիրախում են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Կապան մարզային կենտրոնը: