Խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Դավթյանն անդրադարձել է նաև սահմանագծման ժամանակ առաջացած խնդիրներին․ «Պետք է ինչ-որ քարտեզ որպես հիմք վերցվի՝ լինի խորհրդային ժամանակվա, լինի ցարի ժամանակվա: Դա նախնական աշխատելու համար կարող է հիմք ծառայել, բայց սահմանը պետք է գծվի միջպետական հանձնաժողովների կողմից, որոնց մեջ պետք է ընդգրկվի և՛ ԱԳՆ-ն, և՛ ՊՆ-ն, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները»:
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ բավականին երկար կտևի սահմանազատման գործընթացը, կլինեն շատ խնդրահարույց հարցեր:
Անդրադառնալով քննարկմանը, որ Սյունիքում ռուսական նոր ռազմաբազա պետք է հիմնվի, Դավթյանը նշել է․ «Դա երկկողմանի խնդիր է, ռուսական կողմը ևս պետք է այդ ուղղությամբ աշխատի: Չմոռանանք, որ մենք Մեղրիում էլ ունենք ռուսական ներկայացուցչություն` սահմանապահների տեսքով, հիմա նաև Ղարաբաղի խնդիրն էլ կա, և մոտակա հինգ տարում առնվազն ռուսական խաղաղապահները գործունեություն պիտի իրականացնեն, և տրամաբանությունից ելնելով՝ իրենց համար ավելի լավ կլիներ Գորիսում կամ Կապանում ունենալ միջանկյալ որևէ կետ: Դա կլինի առանձին ռազմաբազա, թե կլինի Գյումրիի 102-րդ ռազմաբազայի, այսպես ասած, մասնաճյուղը: Բայց ինչ-որ ստորաբաժանումների տեղակայում պետք է լինի, ինչը ծառայության կազմակերպման, օպերատիվ արձագանքման տեսակետից կհեշտացնի իրենց կողմից խնդիրների կատարումը՝ և’ Մեղրիի հատվածում, և’ Լաչինի միջանցքի ապահովման խնդրում, իսկ տեղը բազայի կլինի Գորիսում թե Կապանում, դա արդեն լրացուցիչ քննարկման թեմա է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: