«Նախկին ուժային կառույցների ղեկավարները ճիշտ կլինի միառժամանակ պաուզա տան, հարցազրույցներ չտան, չմտնեն քաղաքական անցուդարձերի մեջ, որովհետև դրանով նրանք վնասում են մեր՝ առանց այդ էլ տկարացած անվտանգային համակարգերը», – այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ուժային կառույցները քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել են սպասվելիք պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն այդ վերջիններս ոչինչ չեն ձեռնարկել։
Ըստ Քոչարյանի՝ անդրադառնում ենք պատերազմին, ապա այդ մասին չպետք է խոսի նախկին պաշտպանության նախարարը, քանի որ դրա մասին դեռ կխոսեն մեկ այլ ժամանակահատվածում, երբ կձևավորվեն պրոֆեսիոնալ քննիչ հանձնաժողովներ, որը նաև հարցեր կուղղի Դավիթ Տոնոյանին, թե ինչո՞ւ մենք պատրաստ չէինք լայնածավալ պատրերազմի, երբ որ արդեն տեսել էինք 2016 թ․-ի Քառօրյա պատերազմը։
«Բնականաբար հարց է առաջանում՝ պարոն Տոնոյանը այս տարիների ընթացքում իրո՞ք զեկուցել է Հանրապետության նախագահին կամ Անվտանգության խորհրդին, որ մենք պատրաստ չենք լինելու, եթե սկսվի լայնածավալ պատերազմ։ Եթե խոսում ենք այս հարցերի մասին, ապա, կներեք, ես չեմ հասկանում այն հարցադրումները, որ կանգնեցրեք պատերազմը՝ ես այլևս չեմ կարողանում կռվել, քանի որ այդ դեպքում մենք այս ժողովրդին թողնում ենք անպաշտպան։ Իսկ պատերազմի ընթացքում պետք է ոչ թե խոսվեր, այլ կառավարվեր ռազմական գործողությունները», – նշել է Քոչարյանը։
Նա նաև նշել է, որ Դավիթ Տոնոյանը պետք է ավելի շուտ խոսեր։ «Ես չեմ լսել երբևիցե, որ Դավիթ Տոնոյանը ասի, որ բանակի վիճակն այնպիսին է, ինչպես ներկայացրեց պատերազմի ընթացքում»,-հավելել է Քոչարյանը։
Պատգամավորը նշել է նաև, որ պատերազմի սխալ կառավարման վերաբերյալ հարցերը դեռևս հնարավոր կլինի քննել, հիմա կարևոր է պատրաստվել նոր իրողություններին, չվնասել ձեռքբերված հրադադարի ռեժիմը։
Նշենք, որ Մեդիամաքսին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ չկարողացավ հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը ևդրանից առաջացող խոչընդոտները։ «Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», – նշել էր Տոնոյանը։