Կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։
Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով 500 000 դրամի չափով դրամական օգնություն հատկացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար:
«Առավելագույնը 10 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի ստանալ աջակցությունը։ Փաստաթղթեր տրամադրելու կարիք չի լինի։ Վիրավորների մասին տեղեկությունը կտրամադրվի տվյալների միասնական բազայի հիման վրա»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Միջոցառման շրջանակում շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուին 500 000 դրամի չափով։
Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը: