ԶՈւ անձնակազմի դաշտային համազգեստի պատրաստման համար ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության կողմից ձեռք է բերվում կամուֆլյաժ կտոր, այնուհետև համազգեստը պատրաստվում է ՀՀ-ում գործող դերձակի ծառայություն մատուցող ծառայությունների կողմից: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով այն հարցը, թե որ ընկերություններն են մատակարարում ԶՈւ համազգեստը:
««Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:
Ելնելով վերոգրյալից՝ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության կողմից մշակվող գնման առարկայի բնութագրերը պահանջ կամ հղում չեն պարունակում ծագման երկրի վերաբերյալ»,- պարզաբանել են պաշտպանության գերատեսչությունից:
Ի դեպ, ՊՆ-ից փորձել ենք տեղեկություն ստանալ, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմը քանի՞ զոհ և գերեվարված զինծառայող ունի:
Նախարարությունից հայտնել են, որ հրապարակման ենթակա տեղեկատվությունն առկա է պաշտոնական աղբյուրներում:
Հարկ է նկատել, որ անհասկանալի է, թե ՊՆ-ն ինչ պաշտոնական աղբյուրների է հղում անում, երբ ինքն է հանդիսանում պաշտոնական միակ աղբյուրը: