Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։
Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:
Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։
Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.
«Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է:
Եվ սա փաստ է, մենք պետք է մեր սպաներին, զինվորներին, գեներալներին արժանին մատուցենք: Պետք է հասկանանք՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ 9-րդ պաշտպանական շրջանի այդ ճեղքումը տեղի ունեցավ, որը ցավոք, հետագայում չհաջողվեց կանգնեցնել: Բայց այստեղ մեր զինվորն է ներկա, մեր վիրավոր եղբայրը։ Այստեղ, համոզված եմ՝ պատերազմի մասնակից էլի մեր եղբայրներ կան, ու այսօր մեր ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է մեր նահատակների ու մեր երեխաների առաջ: Եվ այդ պարտավորության կատարումը հետևյալն է՝ մենք պետք է զարգացած և բարեկեցիկ երկիր ստեղծենք: Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի զարգացած, բարեկեցիկ երկիր:
Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում: Բանակն առանց թիկունքի չի կարող պայքարել: Եվ ուզում եմ տուրք մատուցել բոլորիդ, որովհետև 2-րդ բանակային հերոսական կորպուսի թիկունքը դուք եք պահել: Դուք հավասարապես և հերոսաբար կանգնել եք մեր Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այո, մեր Զինված ուժերը պետք է բարեփոխվեն, և մեր բանակը պետք է լինի շատ ավելի հզոր, քան եղել է պատերազմից առաջ: Բայց նաև մենք պետք է երեխաների համար մանկապարտեզներ կառուցենք, դպրոցներ կառուցենք, մարզադաշտեր կառուցենք»:
Մանրամասները՝ տեսանյութում.