Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հիշեցնելով, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: