«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ-երի լայնամասշտաբ զորավարժություններին, որոնց մեկնարկը տրվել է այսօր:
Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։
Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։ Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։ Ժամանակը մեր դեմ է աշխատում»:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվում են: Բանակցությունները դեռևս անարդյունք են: Հավելենք, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: